Ուսումնասիրում ենք Հայաստանի որոշ խնդրանքներ՝ հասկանալու՝ ինչ կարող ենք անել ավելի շատ աջակցելու համար. Բլինքեն
Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի «խնդրանքների շարքը»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ ավելի շատ աջակցելու համար Երևանին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ և շարունակել.
«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար»։
Միաժամանակ, Բլինքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ Պետդեպի ղեկավարի, եղել են հենց այն նպատակով, որպեսզի պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Հայաստանին աջակցելու համար։
«Եվ մենք առաջ ենք գնալու մի շարք տարբեր ոլորտներում», - խոստացել է Բլինքենը՝ առանց մանրամասնելու:
Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։
Կարծիքներ