ՌԴ 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի վերջը
Ռուսաստանի 11 օդանավակայանների թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի մայիսի 31-ը, Մոսկվայի ժամանակով 03:45-ը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»:
Նշվում է, որ ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ:
«Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել այլընտրանքային երթուղիներով կազմակերպել ուղևորների փոխադրումը՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի ու Մոսկվայի օդանավակայանները», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության մյուս օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։ Օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքի ժամանակացույցի բոլոր փոփոխությունների մասին պետք է տեղեկանալ օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հարավի ու կենտրոնական մասի օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո:
Կարծիքներ