ՄԻՊ արագ արձագանքման խմբերը շարունակում են այցեր իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցեր իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Կենտրոնի, Արաբկիրի, էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված թվով 35 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:
Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 7 անչափահաս անձինք, որոնցից մեկը՝ 13 տարեկան:
Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից:
Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա Ոստիկանության բաժնից ազատ է արձակվել:
Զանգվածային լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերի մշտադիտարկման արդյունքում և Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, հեռախոսազանգի իրավունքից օգտվելու և այլ իրավունքներ), անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:
Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին իրականացված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն ելքի և մուտքի գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ ճշգրիտ գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը:
ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են նաև վարչական ձերբակալման ենթարկված անձի հեռախոսազանգի իրավունքից օգտվելու խոչընդոտներ, որոնք Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ վերացվել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժին իրականացրած այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված փաստաբան Ալեքսան Թումասյանի հետ, ով տեղեկացրել է, որ չի մասնակցել բողոքի ակցիային, այլ Ոստիկանության ծառայողին ներկայացրել է, որ քաղաքացին հանդիսանում է իր վստահորդը՝ փորձելով պարզաբանում ստանալ քաղաքացուն վարչական ձերբակալման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ:
Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից որևէ օրինական պահանջ չներկայացնելը, անձանց ազատությունից զրկելու հիմքերը չպարզաբանելը, վերջիններիս նվազագույն իրավունքները չպարզաբանելը, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառումը կրում են շարունակական բնույթ:
Ելնելով վերոգրյալից՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ոստիկանությանը կոչ է անում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների իրացման հնարավորությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով:
Կարծիքներ