ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը կվերադառնա Վաշինգտոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը որոշում է կայացրել, որ իրենց դեսպանը Վաշինգտոնում առաջիկա շաբաթվա ընթացքում կվերադառնա Միացյալ Նահանգներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Սպիտակ տնից՝ մանրամասներ ներկայացնելով Մակրոնի և նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից, որում կողմերը քննարկել էին իրադրությունն Ավստրալիայի կողմից ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից և Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո:
«Երկու երկրի առաջնորդները որոշում են կայացրել սկսել առարկայական խորհրդատվություններ՝ ուղղված վստահության ապահովման պայմանների ստեղծմանը և համընդհանուր նպատակներին հասնելու համար հստակ միջոցների ձեռնարկմանը: Նրանք հոկտեմբերի վերջին կհանդիպեն Եվրոպայում՝ հասնելու ընդհանուր փոխըմբռնման և պահպանելու այս գործընթացի դինամիկան»,- ասվում է հայտարարության մեջ:
Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:
Կարծիքներ