Հազարավոր մարդիկ սկսել են հեռանալ Հոմսից՝ գրոհայինների առաջխաղացման պատճառով. Reuters

Հազարավոր մարդիկ սկսել են հեռանալ Հոմսից՝ գրոհայինների առաջխաղացման պատճառով. Reuters

Հազարավոր բնակիչներ գիշերը փախել են Սիրիայի Հոմս քաղաքից, մինչ գրոհայինները փորձում են ավելի առաջ շարժվել դեպի երկրի հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ գրոհայինները Սիրիայի հյուսիսում գրավել են Հալեպը, կենտրոնում՝ Համան։ 

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» մոնիթորինգային կազմակերպությունը հայտնել է, որ հազարավոր մարդիկ գիշերը սկսել են փախչել դեպի երկրի արևմտյան մերձափնյա շրջաններ, որոնք կառավարության վերահսկողության տակ են գտնվում։

Մերձափնյա բնակավայրերի բնակիչներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Հոմսից սկսել են հազարավոր մարդիկ ժամանել՝ վախենալով գրոհայինների արագ առաջխաղացումից։ 

Սիրիայի բանակի աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ գիշերը ռուսական ավիացիան ռմբակոծել է Ռուստան կամուրջը, որը դեպի Հոմս տանող գլխավոր ճանապարհն է, որպեսզի գրոհայիններն այն չօգտագործեն։

«Կամրջին առնվազն ութ ավիահարված է հասցվել։ Կառավարական ուժերը սկսել են ամրացնել քաղաքի շուրջ գտնվող դիրքերը», - ասել է աղբյուրը։ 

Գրոհայինները, որոնց ղեկավարում է «Հայաթ Թահրիր աշ-շամ» խմբավորումը, խոստացել են գրոհել Հոմսը, որը մայրաքաղաք Դամասկոսը կապում է երկրի հյուսիսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող երկու անցակետի՝ սիրիական կողմում։ 

Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով «Արիդա» անցակետում աշխատանքը դադարեցվել է։ Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածել է «Հեզբոլլահ»-ի «զենքի մաքսանենգության ուղիներին և ահաբեկչական ենթակառուցվածքին» անցակետի սիրիական կողմում։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում