Վրաերթ Արարատի մարզում. 17-ամյա աղջիկը մահացել է
Այսօր, հուլիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոսկետափ գյուղի կամուրջ և, չհասած կամուրջ, հայտնաբերել է դի։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 25 կմ-ում Ոսկետափ գյուղի վարչական շրջանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա․-ին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Վրաերթի փաստով՝ ավագ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմաց վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարծիքներ