Նիդեռլանդներում հայտնաբերվել է կոկաինի «լվացքատուն»

Նիդեռլանդներում հայտնաբերվել է  կոկաինի  «լվացքատուն»

Նիդեռլանդներում հայտնաբերվել է կոկաինի ամենամեծ «լվացքատունը». այդպես են անվանում լեգալ կերպով գոյություն ունեցող ձեռնարկությունները, որոնց միջոցով ապօրինի եկամուտներ են անցկացնում: Լաբորատորիան գտնվում էր նախկին ախոռի շենքում: Այս մասին հաղորդվում է երկրի ոստիկանության կայքում, փոխանցում է «Լենտա»-ն:

Իրավապահ մարմինների աշխատակիցները մաքուր, չմշակված թմրանյութեր են հայտնաբերել, որոնք գնահատվում են մինչեւ վեց միլիոն եվրո: «Լվացքատան» հզորությունները բավարար էին օրական 150-200 կգ կոկաին արտադրելու համար:

Լաբորատորիան հայտնաբերվել է Ամստերդամից 120 կմ հեռավորության վրա գտնվող Նիեւեն գյուղում: Ոստիկանները տասնյակ հազարավոր լիտր քիմիական նյութեր եւ սարքավորումներ են առգրավել` մեծ տարաներ, պլաստմասե խողովակներ եւ բետոնի հինգ խառնիչ: Հանցագործները դրանք օգտագործում էին կոկաինը «կրող նյութից» առանձնացնելու համար. հագուստը հատուկ եղանակով ներծծում էին թմրամիջոցներով եւ տեղափոխում արտասահման:

Ձերբակալվել է Կոլումբիայի 13 քաղաքացի, Նիդեռլանդների 3 քաղաքացի, այդ թվում` ախոռի սեփականատերը, եւ մեկ թուրք: Այդ նույն օրը իրավապահները ևս մի քանի պահեստ են հայտնաբերել հարեւան բնակավայրերում: Ենթադրաբար, հանցագործներն այնտեղ հումք եւ արտադրության համար անհրաժեշտ այլ նյութեր էին պահում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում