Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել և վիրավորական արտահայտություններ արել նրա հասցեին
Վարշավայում խորհրդային զոհերի գերեզմանատանը ծաղկեպսակ դնելիս Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա մի խումբ մարդիկ են հարձակվել ու կարմիր ներկ լցրել նրա վրա:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Անդրեևը դիվանագետների և կնոջ ուղեկցությամբ ժամանել էր Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատուն։ Գերեզմանատան տարածքում հավաքված լեհերն ու ուկրաինացիները փակել են նրա ճանապարհը՝ վիրավորական արտահայտություններ բացականչելով։
Նրանք դեսպանի և նրան ուղեկցող դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել։ Մոտակայքում մի քանի տեղ քաշքշուկ է եղել։
Նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո ռուսաստանցի դիվանագետն առանց ծաղկեպսակը դնելու լքել է Վարշավայի խորհրդային զինվորների գերեզմանոցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը, դատապարտելով այն:
«Եվրոպական երկրների բնակիչները պետք է վախենան հայելու մեջ իրենց արտացոլանքից, քանի որ ֆաշիզմի վերակենդանացման համար նրանց կուրսի ընտրությունն արդեն ակնհայտ է»,-գրել էր նա։
Կարծիքներ