ՀՀ պատվիրակությունը ծանոթացել է ՄԿՈւ ոլորտում գերմանական փորձին
Մարտի 10-16-ը ՀՀ պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել Գերմանիա: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այցը կազմակերպվել էր ԳՄՀԸ-ի (GIZ) կողմից:
Ճանաչողական այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի ՄԿՈՒ ոլորտում իրականացված բարեփոխումներին, ուսումնասիրել մասնավոր հատվածի դերը և դուալ կրթության փորձը:
Պատվիրակության առաջին կանգառը Գայզենհայմի Ռայնգաու արհեստագործական դպրոցն էր, որտեղ հայկական կողմը ծանոթացել է մասնագիտական կրթության և վերապատրաստման հաստատությունների կառավարման գերմանական մոդելին, մասնավորապես՝ առանձին մասնագիտությունների ուսուցման ֆինանսավորման հաշվարկի մեխանիզմներին, ինչպես նաև հաստատություններում ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման փորձին:
Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի ուսուցիչների կրթության կենտրոնում պատվիրակության անդամները ծանոթացել են ՄԿՈւ ոլորտում ուսուցիչների հավաքագրման, վերապատրաստման և ատեստավորման, կարիերային առաջընթացի ծրագրին: Ներկայացվել է համալսարանի փորձը՝ կրթության և վերապատրաստման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պիլոտային կամ փորձնական ծրագրերի միջոցով:
Պատվիրակության հաջորդ կանգառը Հեսսեյան ուսուցչական ակադեմիան (HLA) էր, որը պատասխանատու է Հեսսե նահանգում ուսուցիչների վերապատրաստման և նրանց շարունակական ուսուցման համար: Ուսուցիչների ակադեմիան աշխատում է դպրոցների որակի բարելավման ուղղությամբ և խորհրդատվություն տրամադրում Կրթության և մշակույթի նախարարությանը դպրոցական համակարգի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Համալսարանում ներկաները ծանոթացել են ուսուցիչների և վերապատրաստողների մասնագիտական զարգացման ծրագրերին:
Բոննում ՀՀ պատվիրակության անդամներն այցելել են Մասնագիտական կրթության և ուսուցման դաշնային ինստիտուտ (BIBB): Այստեղ ներկայացվել են ոչ ֆորմալ կրթության ճանաչման և վավերացման, գնահատման և աուդիտի պլանավորման, ինչպես նաև ուսումնառության վերջնարդյունքների վավերացման գործընթացները:
Ճանաչողական այց է կայացել նաև Մաննհայմի Աշխատանքի կիրառական ուսումնառության համալսարան, որտեղ ՀՀ ներկայացուցիչները ծանոթացել են կարիերայի խորհրդատվության և աշխատանքի տեղավորման գերմանական փորձին: Մասնավորապես՝ ներկայացվել են Զբաղվածության գործակալության դերն ու աշխատանքային մեթոդները, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման ձևերն ու մեթոդները:
Պատվիրակության հաջորդ այցը Ֆրանկֆուրտի արհեստագործական պալատ (HWK) և Վեյթերշտադտում գտնվող Մասնագիտական ուսուցման և տեխնոլոգիական կենտրոն էր: Այստեղ ներկայացվել են միջանկյալ և ավարտական քննությունների կազմակերպման, հավաստագրման ընթացակարգերը և մեթոդները:
Սոցիալական գործընկերությանը և պետություն-մասնավոր հատված համագործակցությանը պատվիրակության անդամները ծանոթացել են Հայդելբերգի ABB ուսումնական կենտրոնում: Այստեղ ներկայացվել են պահանջարկի վրա հիմնված ուսուցման և որակավորման ծրագրերը գերմանական տնտեսության համար:
Բոլոր հանդիպումների ընթացքում ծավալվել է մտքերի փոխանակում՝ գերմանական փորձի տեղայնացման, համապատասխան լուծումների և փորձի կիրառման շուրջ:
Կարծիքներ