Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում. նախարար
Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946 են, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում են «Օմիկրոն»-ի BA.1 և BA.2 ենթաշտամները: Ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում և, կարծես, «Դելտա» շտամը իսպառ դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում քաղաքացիները ավելի հեշտ են հաղթահարում վիրուսը, բայց, միևնույն է, գրանցվել են մահվան դեպքեր:
Նախարարն անհրաժեշտ է համարում զգոնությունը պահպանելը և հատկապես տարեց քաղաքացիների և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների պատվաստումները օր առաջ կազմակերպելը:
«60 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում 40 տոկոսը պատվաստվել է: Այս ցուցանիշը վերջին 1-2 ամսում բավականին աճել է, բայց բոլոր ջանքերը ներդրում ենք պատվաստման տեմպերն ավելացնելու համար: Ընդհանուր առմամբ, պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 80 հազար 15 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47,9 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 905 հազար 624 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 40 տոկոսը: Իրականացնում ենք նաև երրորդ խթանիչ դեղաչափի պատվաստումներ, 20 հազար 169 քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափը»,- ասաց Ավանեսյանը
Նախարարի խոսքով` առաջիկայում հիվանդանոցներում կմեկնարկի մահճակալների կրճատման գործընթաց:
Կարծիքներ