Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը․ Հայաստանը 82-րդ հորիզոնականում է
Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։
Արդեն մի քանի տարի շարունակ աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվում Ֆինլանդիան։ Առաջատարների եռյակը, ինչպես և անցյալ տարի, բաղկացած է Հյուսիսային Եվրոպայի երկրներից՝ երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան։
Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում հաջորդ հորիզոնականներն են զբաղեցրել համապատասխանաբար Շվեդիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրալիան։
Երկրորդ տասնյակում որոշակի փոփոխություններ են նկատվել. Արևելյան Եվրոպայի երկրներում, հատկապես՝ Չեխիայում, Լիտվայում և Սլովենիայում, երջանկության աճ է դիտվել, իսկ ԱՄՆ-ն և Գերմանիան կորցրել են դիրքերը՝ հասնելով 23-րդ և 24-րդ հորիզոնականներ։
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 2024 թ․ աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 98-րդ, Իրանը՝ 100-րդ, իսկ Ադրբեջանը՝ 101-րդ։
Ռուսաստանը 72-րդ տեղում է, Ուկրաինան` 105-րդ։
Ամենավերջին՝ 143-րդ հորիզոնականը զբաղեցնում է Աֆղանստանը, որին նախորդում է Լիբանանը։
Ի դեպ, զեկույցի հրապարակումը համընկել է մարտի 20-ին նշվող Երջանկության միջազգային օրվա հետ։
Կարծիքներ