Արցախցիների համար երկար սպասված ծրագրի գործարկումն իրականություն է դառնում

Արցախցիների համար երկար սպասված ծրագրի գործարկումն իրականություն է դառնում

Այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի և պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց մի խումբ ծնողների և ընտանիքների անդամների հետ:

Հանդիպման առանցքային թեման Միքայել Վիրաբյանի և Արմեն Մանգասարյանի նախորդ օրվա հանդիպման ընթացքում օրախնդիր հարցերի քննարկման տրամաբանական շարունակությունն էր, այն է՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ընտանիքների համար Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցության տրամադրումը և գործընթացի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակը։

Հանդիպման ընթացքում ծրագրի շահառուները հնարավորություն են ունեցել ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչու չէ նաև համոզվել, որ երկար սպասված ծրագրի գործարկումն արդեն իրականություն է դառնում: 

Արմեն Մանգասարյանն իր հերթին հավաստիացրել է, որ աշխատանքներն արդեն տեղափոխվում են առարկայական փուլ, և սեղմ ժամկետներում հնարավոր կլինի տեսնել դրանց արդյունքը՝ հավելելով, որ շահառու ընտանիքներին, բացի Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի համար սերտիֆիկատներ տրամադրելուց, ըստ հաջորդականության (բնակարանը ձեռք բերելուց հետո) կտրամադրվեն նաև բնակտարածքի կահավորման սերտիֆիկատներ (ծրագիրը կգործարկվի, համապատասխան որոշմամբ հաստատվելուց հետո):
Հիշեցում.

Բնակտարածքի ձեռքբերման արժեքի պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կազմում է 20 մլն դրամ, երեք անձի դեպքում՝ 21 մլն դրամ, իսկ չորս և ավելի անձանց դեպքում՝ 22 մլն դրամ:

Բնակտարածքի կահավորման համար պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կկազմի 1 300 000 ՀՀ դրամ, երեք կամ չորս անձի դեպքում՝ 1 600 000 ՀՀ դրամ, հինգ և ավելի անձանց դեպքում՝ մինչև 2 000 000 ՀՀ դրամ։

Փաստաթղթերի ընդունման մեկնարկը տրված չէ, մանրամասների քննարկումներն ավարտելուց և ամբողջացնելուց հետո համապատասխան գերատեսչությունները կտարածեն հայտերի ընդունման մասին հայտարարություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում