Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնաիին Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին:

Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտությունը նոր վտանգավոր շրջադարձ արձանագրեց երեքշաբթի՝ Թուրքիայի կողմից հայկական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված: ՀՀ վարչապետը հարցազրույցի ժամանակ մտավախություն հայտնեց, որ արդյունքում Թուրքիան և Հայաստանն ավելի լայնածավալ պատերազմի մեջ կարող են ներքաշվել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ Թուրքիան «անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ Հարավային Կովկասում: Դա ահագնացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»: Նա ասաց, որ բացի հիշյալ F-16-ի դեպքից, կիրակի օրվանից հակամարտության վերսկսումից ի վեր Թուրքիան օգնում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերով և վարձկաններով:

Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան կողմերին կոչ են անում անցնել դիվանագիտության: Փաշինյանն ասաց, որ ինքը և իր գործընկերներն արդեն զրուցել են այդ բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցվել հրադադարի կամ կարգավորման բանակցությունների ուղղությամբ:

Պետդեպարտամենտն ավելի ու ավելի է մտահոգվում ԱՄՆ կարևոր դաշնակցի (ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա) և Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջև դիմակայությամբ:

Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը բուն Հայաստանի վրա «այժմ իրականություն է դարձել» Հայաստանի մայրաքաղաք Երևանից արևելք գտնվող Վարդենիսի շրջանի հրետակոծմամբ:

Նա ասաց, որ թուրքական F-16- ը, որն ըստ հաղորդումների խոցել է հայկական S-25 կործանիչը, աջակցում էր Վարդենիսի տարածքում ադրբեջանական հարձակմանը: Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդում տվեց հայկական օդանավի խոցման մասին՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է», - պնդում է Փաշինյանը: Նա ասաց, որ Թուրքիայի հետ ունեցած պատմական հակամարտության պատճառով իր երկիրն այսօր կանգնած է «էքզիստենցիալ սպառնալիքի» առջև:

Պատասխանելով Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվող ադրբեջանական Նախիջևանից հնարավոր հարձակման սպառնալիքի մասին, Փաշինյանն ասաց, որ նա ռազմական դրություն է հայտարարել և շեշտեց. «Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար»:

Մասնավորելով թուրքական սպառնալիքի մասին ասվածը՝ Փաշինյանը վկայակոչեց Օսմանյան կայսրության մայրամուտին՝ 1915 թվականին ավելի քան 1 միլիոն հայերի կոտորածը, որը թեև ԱՄՆ Կոնգրեսի և շատ այլ երկրների կողմից ընդունված բանաձևերում որակվում է որպես «ցեղասպանություն», սակայն շարունակում է մերժվել Թուրքիայի կողմից:

«Թուրքիայի նախագահը ժխտողականությունը վերածել է իր պետության պաշտոնական քաղաքականության», - ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Ժխտողականությունը նոր ցեղասպանության նախապայմաններից մեկն է»:

Հայաստանի վարչապետն ասաց, որ կիրակի մարտերը վերսկսվելուց ի վեր Հայաստանն ունեցել է տասնյակ զոհեր և շուրջ 200 վիրավոր: Նա նշեց, որ ադրբեջանցիները կորցրել են մի քանի հարյուր զինվոր, գումարած ավելի քան 100 տանկ, մի քանի ուղղաթիռ և այլ տեխնիկա: Նա նաև ասաց՝ քանի որ հայկական ուժերը հետ են մղել հարձակումներն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ, ապա «հուսով եմ, որ ի վերջո Ադրբեջանի նախագահը կհասկանա, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»:

Փաշինյանի խոսքով՝ շաբաթվա ընթացքում հնարավոր դիվանագիտական կարգավորման մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «անհանգստացած են Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից» և նախազգուշացրել են «արտաքին ուժերին՝ զերծ մնալ սրվող հակամարտուոյանը մասնակցելուց»՝ անուղղակիորեն ակնարկելով Թուրքիային:

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բայգունը զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ «երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»: Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում են հետագա բանակցություններ ԱՄՆ պաշտոնյաների հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում