Աննա Հակոբյանն այցելել է Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և կենտրոնի փոխտնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը հանդիպել է բուժում ստացող երեխաներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, փոխտնօրեն Հայկ Գրիգորյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է, որ այս պահին կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 22 հիվանդ: Միայն այս տարի շուրջ 90 առաջնակի հիվանդ է ախտորոշվել: Կենտրոնի ղեկավարությունն ընդգծել է ախտորոշիչ նոր սարքերի ձեռքբերումն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի մանրակրկիտ հետազոտություն իրականացնել: Արյունաբանական կենտրոնում մինչև 25 տարեկան պացիենտների բուժումն իրականացվում է անվճար:
Ըստ փոխտնօրենի, նվազել է արտերկիր մեկնողների թիվը և հիմա շատերը նախընտրում են բուժում ստանալ Հայաստանում: Վերջին տարում արձանագրվել են նաև օտարերկրացիների կողմից Հայաստանը և արյունաբանական կենտրոնը բուժման վայր ընտրելու դեպքերը: Փոխտնօրեն Հայկ Գրիգորյանի խոսքով, նման դեպքերի տենդենցն ավելանում է:
Աննա Հակոբյանը այցելել է բոլոր երեխաներին, ամանորյա նվերներ բաժանել, զրուցել նրանց հետ: Վարչապետի տիկինը ընտանիքի անդամներից ու բժիշկներից հետաքրքրվել է երեխաների առողջական վիճակից, բուժման դինամիկայից: Աննա Հակոբյանը երեխաներին առողջություն, ծնողներին համբերություն է մաղթել, հորդորել ուժեղ լինել:
Կարծիքներ