Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը
Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Թատրոնը խորին վշտակցությունն է հայտնել դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին:
Վրույր Հարությունյանը ծնվել է 1949թ. Կիրովական քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է այնտեղ։ 1971-1974 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ Ուսանողական տարիներին եղել է Վանաձորի թատրոնի դերասան։
1975-1977 թվականներին աշխատել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-1998 թվականներին վերադարձել է Վանաձորի պետական թատրոն։ 1977-1982 թվականներին բնակվել է Ռուսաստանում: 1998 թվականին ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը և մինչև 2001 թվականը եղել է այդ թատրոնի դերասան և գլխավոր բեմադրիչը, 2003 թվականից աշխատում էր Վանաձորի դրամատիկական թատրոնում:
Խաղացել է «Ռիչարդ Երկրորդ», «Երեք քույր», «Կուրաժ մայրիկը և նրա զավակները», «Քաոս», «Անմեղ մեղավորները», «Ամուսնություն» և այլ ներկայացումներում: Խաղացել է «Մի՛ վախեցիր», «Ղարաբաղյան անավարտ օրագիր», «Ելք չկա», «Փեսացուն կրկեսից», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Սուպեր մամա», «Երկրաշարժ» և այլ ֆիլմերում:
Կարծիքներ