ԵՄ-ն կքննարկի Բելառուսի ցուցարարներին աջակցությունը. Ընդդիմության համակարգող խորհուրդ է ստեղծվել
ԵՄ երկրների առաջնորդները և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն օգոստոսի 19-ին տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկելու են Բելառուսի ցուցարարներին աջակցելու հնարավորությունը։ Լիտվան առաջարկում է ԵՄ-ում աջակցության ֆոնդ ստեղծել։ Գերմանիան հանդես է գալիս իշխող վերնախավի դեմ անհատական պատժամիջոցների օգտին, գրում է BBC-ն։
Ակնկալվում է, որ ԵՄ-ն կզգուշացնի ՌԴ-ին, որ ուժային միջամտությունը Բելառուսում անթույլատրելի է։
Մինկսում աշխատանքն է սկսել ընդդիմության համակարգող խորհուրդը, որը ստեղծել են նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցները։ Խորհուրդն իր նպաական է համարում նոր ընտրություններն ու իշխանության խաղաղ փոխանցումը։
Օգոստոսի 19-ին կայանալու է խորհրդի առաջին նիստը փակ դռների հետևում, գրում է BBC-ն։
Լուկաշենկոն խորհրդի ստեղծումը անվանել է իշխանազավթման փորձ և սպառնացել կոշտ միջոցներ ձեռնարկել։
Տիխանովսկայան կոչ է արել եվրոպական պետությունների ղեկավարներին չճանաչել Բելառուսում օգոտոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։
«Ես կոչ եմ անում ձեզ չճանաչել այդ կեղծված ընտրությունները։ Պարոն Լուկաշենկոն կորցրել է լեգիտիմությունը մեր ժողովրդի և աշխարհի աչքերում․․․ Ես կոչ եմ անում ձեզ սատարել Բելառուսի զարթոնքին»,- ասել է նա։
Եվրամիության պետությունների ղեկավարներն օգոստոսի 19-ին գագաթնաժողով կգումարեն տեսակոնֆերանսի ձևաչափով՝ քննարկելու իրավիճակը Բելառուսում։
Փողոցային ցույցերն ամսի 18-ին այդքան մարդաշատ չեն եղել, ինչպես հանգստյան օրերին, սակայն գործադուլները շարունակվել են։
Լուկաշենկոն, իր հերթին, «Անբասաիր ծառայության համար» մեդալներով է պարգևատրել ՆԳՆ ավելի քան 300 աշխատակցի։ Մինչդեռ ՆԳՆ-ն հաստատել է ակցիաների ևս մեկ` երրորդ մասնակցի մահը։
Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Կարծիքներ