Չինարեն սովորողների թիվը Հայաստանում անդադար աճում է. հայտնի դարձան «Չինարենի կամուրջ» մրցույթի հաղթողները

Չինարենի դասավանդումն ու ուսուցումը Հայաստանում բարելավվում է, աճում են չինարեն սովորողների թիվն ու հայ երիտասարդների հետաքրքրությունը չինական մշակույթի նկատմամբ, ինչն իր հերթին նպաստում է երկու հինավուրց երկրների՝ Հայաստանի և Չինաստանի դարավոր բարեկամության ամրապնդմանը: Այդ նպատակին է միտված Հայաստանում «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի անցկացումը՝ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպանության ակտիվ ջանքերով: Հունիսի 9-ին առցանց ձևաչափով անցկացվել են Հայաստանում «Չինարենի կամուրջ» մրցույթի դպրոցական և ուսանողական փուլերը, որոնց արդյունքներով որոշվել են հաղթողները և մի շարք մրցանակակիրներ: Մրցույթի երկու հաղթողները կմեկնեն Չինաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին:
«Չինարենի կամուրջ» ամենամյա մրցույթը մեծ իրադարձություն է, մի հանդիսավոր հանդիպում չինարեն սովորողների համար: Այն դարձել է օտարերկրացիների կողմից չինարեն սովորելու և Չինաստանը ճանաչելու կարևորագույն հարթակ: Հայտնի է իբրև «Աշխարհը կապող մշակութային, բարեկամական և հոգևոր կամուրջ», - ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը:
Չին դիվանագետը շեշտեց՝ Չինաստանն ու Հայաստանը դարավոր պատմություն և հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող հինավուրց երկրներ են, որոնց միջև կապերի հաստատումն իր ակունքներով հասնում է Մետաքսի մեծ ճանապարհի դարաշրջան:
Չնայած կորոնավիրուսի՝ վերջին մեկ տարվա ընթացքում առաջացրած դժվարություններին՝ դեսպան Ֆան Յոնը համոզված է, որ համավարակի «մշուշից» դուրս գալուց հետո երկու կողմերի պրագմատիկ համագործակցությունը տարբեր ոլորտներում բարգավաճման նոր հեռանկարներ է բացելու:
«Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները բավական արագ են զարգանում, օր-օրի սերտանում է համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ կրթությունը: Մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ երկու երկրների համատեղ ջանքերով Հայաստանում չինարենի դասավանդումը գնալով ավելի ու ավելի է բարելավվում: [Վ. Բրյուսովի անվան պետհամալսարանի] Կոնֆուցիուսի ինստիտուտի և Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամի գործունեությունը ընթանում է սահուն կերպով, չինարեն սովորողների թիվը անդադար աճում է, դասավանդման որակը՝ հաստատուն կերպով բարելավվում, ինչի արդյունքում ավելի ու ավելի շատ երիտասարդներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում չին մշակույթի նկատմամբ», - տեղեկացրեց դեսպանը:
Առցանց միջոցառմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նույնպես շեշտեց հայ-չինական դարավոր բարեկամության փաստն ու երկկողմ հարաբերությունների կարևորությունը մեր երկրի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկն է:
«Մեր երկրների միջև առկա համագործակցության ծրագրերի լայն շրջանակը, որը ներառում է ուսանողների փոխանակման ծրագրեր, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայնում, Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեություն, անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի անցկացում և համատեղ միջոցառումների կազմակերպում, առաջնահերթություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար: ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն կրթություն ստանալու Չինաստանի լավագույն համալսարաններում, որտեղ համապատասխան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելով՝ նրանք նպաստում են նաև Հայաստանի զարգացմանը», - նշեց ԿԳՄՍ ներկայացուցիչը՝ Չինաստանի դեսպանությանը և անձամբ դեսպանին շնորհակալություն հայտնելով նման կարևոր միջոցառում անցկացնելու համար, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն և հաղթանակներ:
«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի ուսանողական փուլը Հայաստանում արդեն 8-րդ անգամ է անցկացվում, իսկ դպրոցական փուլը՝ 6-րդ անգամ:
Այս տարվա մրցույթի ուսանողական փուլի խորագիրն էր՝ «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք», որն արտացոլում է չին ազգի միասնականության և ներդաշնակության գաղափարախոսությունը, մարմնավորում է միասնական ճակատիր ունեցող մարդկային համակեցության գաղափարը՝ հիմնված տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների հավասարության, հանդուրժողականության և փոխադարձ ուսուցման վրա: Իսկ դպրոցական փուլի խորագիրն էր՝ «Գրչից բարձր՝ չինարենի հետ»:
«Հուսով եմ, որ դպրոցականները կթռչեն բարձր չինարեն, կգնան կյանքի գարուն պարգևող իրենց իրական երազանքի հետևից և այս կամուրջի օգնությամբ ավելի մոտ կկանգնեն Չինաստանին և չին մշակույթին», - ասաց Չինաստանի դեսպանը:
Մրցույթը բաղկացած էր 4 փուլից՝ մշակութային համարների ներկայացում, գրավոր քննություն, չինարենով ելույթի ներկայացում, բանավոր խոսքի հմտությունների ներկայացում:
Ընդհանուր առմամբ մրցույթին ելույթ ունեցան 14 մասնակիցներ՝ 7 դպրոցական և 7 ուսանող: Ուսանողները սովորում են ԵՊՀ-ում, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, իսկ դպրոցականները Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի և Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամի աշակերտներն են:
Մասնակիցները ցուցադրեցին ոչ միայն իրենց լեզվական գիտելիքները, այլև իրենց հմտություններն ու առաջընթացը չինական մշակույթի՝ պոեզիայի, երգարվեստի, պարարվեստի, գեղանկարչության և նույնիսկ մարտարվեստի բնագավառներում:
Փուլերից յուրաքանչյուրի հաղթողը հնարավորություն պիտի ստանար մեկնելու Չինաստան և այնտեղ մասնակցելու «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:
Դպրոցական մասնակիցներից այդ հնարավորությունը ստացավ Հայ-չինական բարեկամության դպրոցի աշակերտ Լիլիթ Հովհաննիսյանը (2-րդ տեղ՝ Ինեսսա Փիլոյան, 3-րդ տեղ՝ Նանե Պողոսյան): Իսկ ուսանողական փուլի հաղթող ճանաչվեց Ինեսսա Ալավերդյանը (2-րդ տեղ՝ Մանե Վարդանյան, 3-րդ տեղ՝ Աննա Հարությունյան):
Բացի այդ, մրցանակներ էին նախատեսված մի շարք կատեգորիաների համար՝ «Լավագույն առաջընթաց» (դպրոցականներից հաղթող ճանաչվեց Թերեզա Հայրապետյան, ուսանողներից՝ Հովհաննես Ղազարյան), «Հանդիսատեսի համակրանք» (դպրոցականներից՝ Անուշ Բաղդասարյանը, ուսանողներից՝ Լուսինե Ավակովա), «Լավագույն գեղարվեստական համար» (դպրոցականներից՝ Էրիկ Սանթրոսյանը, ուսանողներից՝ Ստելլա Եղիազարյան), «Լավագույն հռետորական ճառ» (դպրոցականներից՝ Հայաստան Հմայակյան, ուսանողներից՝ Սյուզաննա Մուրադյան):
Այս կատեգորիաներում հաղթած մասնակիցները որպես մրցանակ կստանան բազմաֆունկցիոնալ թվային սարքեր, որոնք տրամադրել է Հայաստանում Չինաստանի դեսպանությունը:
Կարծիքներ