Միլիարդավոր օգտագործված դիմակներն ու ձեռնոցները շրջակա միջավայրին եւ մարդու առողջությանը լուրջ վտանգ են ներկայացնում․ մասնագետներ

Միլիարդավոր օգտագործված դիմակներն ու ձեռնոցները շրջակա միջավայրին եւ մարդու առողջությանը լուրջ վտանգ են ներկայացնում․ մասնագետներ

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին բժշկական դիմակների եւ ձեռնոցների արտադրությունը տասնյակ անգամ մեծացել է։ Այս իրերը նվազեցնում են վարակման հավանականությունը, սակայն շրջակա միջավայրին լուրջ սպառնալիք են ներկայացնում, պնդում են մասնագետները։

Հիմա դիմակներ ու ձեռնոցներ են հանդիպում Մեծ Բրիտանիայի գրեթե յուրաքանչյուր երրորդ լողափում, հայտնում է The Daily Mail-ը։ Թափված դիմակները կամ ռետինե ձեռնոցները ընկնում են նաեւ ջրի մեջ, իսկ համաշխարհային օվկիանոսն առանց այն էլ բախվել է պլաստիկով աննախադեպ աղտոտվածությանը։ Հիմա պլաստիկի միկրոմասնիկներ են հանդիպում գրեթե բոլոր ծովային եւ օվկիանոսային ձկների ու թռչունների մեջ, որոնցից էլ դրանք կարող են հայտնվել մարդու օրգանիզմի մեջ։ Այս ամենը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն մեր մոլորակի էկոհամակարգին, այլեւ մեզանից յուրաքանչյուրի առողջությանը։

Բրիտանական լողափերի դիմակներով ու ձեռնոցներով աղտոտվածության մակարդակը ապշեցրել է էկոլոգներին, քանի որ դիմակների կրումը պարտադիր է դարձել միայն հուլիսի վերջին։ Եվ երեք ամսից պակաս ժամանակահատվածում արդեն լողափերում են հայտնվել ահռելի քանակությամբ դիմակներ ու ձեռնոցներ։ Առաջիկա տարիներին դա կարող է վերաճել ամբողջ մարդկության համար վտանգավոր խնդրի, քանի որ հիմա դիմակներ են կրում ամենուր։ Մասնագետների խոսքով՝ իշխանությունները պետք է բնակչությանն անպայման ապահովեն համարժեք քանակությամբ կոնտեյներներով, բայց մարդկանցից շատերը աղբամաններ չեն սիրում եւ նախընտրում են աղբը թափել անմիջապես գետնին։

Ինչպես եւ շատ այլ մեկանգամյա օգտագործման արտադրանքներ, բժշկական դիմակներն ու ձեռնոցները վտանգ են ներկայացնում նաեւ վայրի բնությանը։ Ծովային կենդանիները կարող են դրանք սխալմամբ շփոթել որսի հետ եւ կուլ տալ, իսկ այդ նյութը ստամոքսում չի քայքայվում, եւ դա կարող է հանգեցնել կենդանու մահվանը։ Դրանից բացի, որոշ կենդանիներ եւ թռչուններ հեշտորեն կխճճվեն դիմակների կապերի մեջ, վերջերս կատարված դիտարկումները ցույց են տվել, որ ծովային թռչունները հայտնվում են այս դիմակների մեջ՝ ինչպես ծուղակների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում