«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը քառատողով պատասխանեց Ալիևի հայտարարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում և վարքագծում որոշակի դիագնոզ է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանում պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ նշելով, որ այդպիսի պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ պետք է կարեկցանքով լցվել:
«Այդ հայտարարությունները նոր չեն, դրանք հնչել են 2007թ., 2008թ., 2009թ., 2010թ., 2011թ., անընդհատ: Հիմա նոր ոգևորություն է մտել և իմ կարծիքով որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ, կարծում եմ, որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում: Կարծում եմ, որ ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով է պետք լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ: Եթե չեմ սխալվում, Իգնատ Մամյանը մի բանաստեղծություն էր գրել Ղարաբաղյան հակամարտության առիթով, որում այսպիսի մի շատ լավ քառատող կար, ասում էր.
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ....
....Այդպես խղճում են մարդիկ խելացի
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրեն հայհոյող խենթ արարածին»:
Կարծում եմ, որ այս քառատողն այսօրվա մեր պատասխանն է Իլհամ Ալիևին»,- ասաց Փաշինյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց «այգի»: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:
Կարծիքներ