Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել բազմաշունչ ընտանիքի յոթերորդ երեխան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ գյուղում՝ Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի ԲԿ տնօրեն Շահեն Շահինյանից, տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։
Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և բնակություն հաստատել ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում։ Նորածնի մոր՝ Կարմելա Կարապետյանի ընտանիքը բռնի տեղահանվել է 1988 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Միրզիկ գյուղից և բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Սոթք գյուղում։ Նրանց ընտանիքը հիմնադրվել է 2009 թվականին, առաջնեկը՝ Սերգեյը, ծնվել է 2010 թվականին։
Ռուսլան Սահակյանի տեղեկացմամբ՝ առաջնեկ արու ժառանգից հետո ծնվել են հինգ դուստրերը՝ Լիաննան, Անգելինան, Ռիման, Գայանեն, Նարինեն։ Նրանց երեխաներից չորսն այժմ հաճախում են Նորաբակի միջնակարգ դպրոց։
Կարծիքներ