Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթել են 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար:
Այնուհետև, Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ժողովականներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նորին Սրբությունը ողջունել է նաև ԳՀԽ կազմում ընդգրկված նոր անդամներ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին և Տիար Հայկ Իգնաթյանին։
Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, կանոնական, կարգապահական, հայեցակարգային և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Եկեղեցու առաքելությունը, Մայր Տաճարի օծման, Մյուռոնօրհնության և հարակից այլ միջոցառումների կազմակերպչական աշխատանքները:
Կարծիքներ