Ադրբեջանը փորձել է վերաշարադրել ԼՂ-ի պատմությունը և սրում է իրավիճակը. ադրբեջանցի լրագրողի հոդվածը
Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը openDemocracy անկախ մեդիա հարթակում ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու ու հումանիտար ճգնաժամ հարուցելու, Ադրբեջանում գեներացվող հայատյացության մթնոլորտի, Լեռնային Ղարաբաղի պատմությունը կեղծելու Ադրբեջանի ջանքերի մասին՝ քննադատելով իր երկրի կառավարության գործողությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողը նշում է, որ ադրբեջանցիները, որոնք պնդում են, թե բնապահպանական ակտիվիստներ են, արդեն երկրորդ ամիսն է, ինչ փակ պահելով Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի համար հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել: Հոդվածում ընդգծվում է, որ, չնայած միջազգային հանրության դատապարտմանը, ճանապարհը բացելու Եվրախորհրդարանի կոչին, փոփոխություն չկա:
Ադրբեջանցի լրագրողը, օգտագործելով «այսպես կոչված «էկոակտիվիստներ»» եզրույթը՝ նշում է, որ նրանց թվում են քաղաքացիական ծառայողներ, ծպտված զինվորականներ և կառավարության հետ կապեր ունեցող ՀԿ-ների և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, որոնցից ոչ ոք չի մասնակցել Ադրբեջանում բնապահպանական նախորդ բողոքի ակցիաներին:
«Ղարաբաղին սննդի և բժշկական անհրաժեշտ պարագաների մատակարարումների ընդհատումը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել։ Մրգերի և բանջարեղենի պաշարները նվազում են, մանկական կաթի փոշիների պաշարները, ըստ տեղեկությունների, սպառվել են: Ընդհատվել է նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը, որն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով»,-շեշտվում է հոդվածում:
Մեջբերելով Ալիևի խոսքերն առ այն, թե ով չի ուզում ԼՂ-ում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ճանապարհը բաց է, կարող է հեռանալ ՝ ադրբեջանցի լրագրողը ընդգծել է՝ Ալիևի հայտարարությունը խոստովանություն է, որ Ադրբեջանի իշխանությունն է հենց կառավարում շրջափակումը՝ չնայած երկրի իշխանությունները հերքել են իրենց ներգրավվածությունն այդ ակցիային:
Իսկ թե ինչո՞ւ են ԼՂ հայերը գերադասում մնալ թշնամական բանակով շրջապատված չճանաչված փոքր պետության քաղաքացիներ՝ ադրբեջանցի լրագրողն ասում է. «Ղարաբաղի ցանկացած հայ, որ կընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, կբախվի մոլեգնող հակահայկական տրամադրություններին կամ հայատյացությանը, որը սնուցվում է պետության կողմից»:
Ադրբեջանցի լրագրողը հոդվածում ընդգծում է այն հանգամանքը, որ ադրբեջանական մամուլում հայերը միշտ բացասաբար են հիշատակվում և ներկայացվում են որպես «ստոր պատմական թշնամիներ»: Նա նաև նշում է, որ ադրբեջանցի հեղինակները փորձել են արդարացնել իրենց գործերում հայերի նկատմամբ ատելության խոսքի օգտագործումը։
«Ադրբեջանը նաև փորձել է վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի պատմությունը՝ հայերին, որոնք այս տարածաշրջանում բնակվում են մ.թ.ա. 6-րդ դարից, ներկայացնելով որպես եկվորներ։ Պետությունը պնդում է, որ ռուսները հայերին վերաբնակեցրել են Կովկասում և Ղարաբաղում 19-րդ դարում՝ ադրբեջանցիների դեմ կռվելու համար»,-շեշտվում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հերքում է նաև այդ տարածքում հայկական մշակութային ժառանգության առկայությունը:
Ադրբեջանցի լրագրողն ընդգծում է՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Բաքվի հավաստիացումներին նաև դժվար է հավատալ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի հետաքննել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած բախումների ժամանակ հայ խաղաղ բնակիչների և գերեվարված զինվորների դաժան սպանությունները: Նա հիշատակում է նաև քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում տալու՝ Ադրբեջանի իշխանությունների քայլի մասին:
Ադրբեջանցի լրագրողը, հոդվածում բազմաթիվ այլ փաստեր ներկայացնելով, նշում է, որ պետությունը պետք է իրական քայլեր ձեռնարկի դեպի ժողովրդավարություն և մերժի հայատյացության վրա հիմնված ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։ «Ադրբեջանը սրում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, այնինչ կարող է պայմաններ ստեղծել երկու երկրների միջև խաղաղության համար»,-եզրափակում է ադրբեջանցի լրագրողը:
Կարծիքներ