ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը մարտի 20-ին ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոի (ՀԴԲ) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄքԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին և Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում սերտ համագործակցության համար։
«Հեդեր Բերգը գոհունակություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ հաստատված փոխվստահության և գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նշելով, որ իրենք միտված են շարունակելու հայկական կողմի նախանշած առաջնահերթությունների շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված նոր նախագծերի իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից առավել կարևորված՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման ոլորտներում քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված կարիքները, դրանցից բխող փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Նշվում է, որ կողմերը շեշտել են նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համատեղ ջանքերն ակտիվացնելու, նշված ուղղություններով տեղեկատվության փոխանակման կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։
Այս առումով գոհունակությամբ արձանագրվել է ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված արագ արձագանքման ձևաչափի արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարծիքներ