ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ՝ 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ այս ԸՕ-ում փոփոխությունները Հայաստանում տարիներ, տասնամյակներ շարունակ պահանջել են ընդդիմադիր, ժողովրդավարության համար պայքարող կազմակերպությունները և անհատները, մասնավորապես՝ կուսակցությունների անցողիկ շեմի իջեցում, ֆինանսական միջոցների թափանցիկություն և այլն:
«Հուսով եմ, որ ըստ արժանվույն՝ այն կգնահատվի նաև մեր հանրության կողմից»,- ընդգծեց խորհրդարանի խոսնակը:
Նշենք՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը նշել էր, որ ԸՕ-ում փոփոխությունների նախաձեռնությունը եղել է մեծամասնության հանձնառություններից, և փոփոխությունների մշակումը սկսվել է դեռևս 2020 թվականի ամռանից:
Դանիելյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է անցնել պարզ համամասնական ընտրակարգի՝ վերացնելով ռեյտինգային ընտրակարգը: Նա նշեց, որ այդ փոփոխությունը ողջունել է նաև Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակը:
Հարակից զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը հստակեցրել էր, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու գործող օրենսգրքով, որևէ կարգավորում չի փոխվելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր՝ ԸՕ փոփոխությունների ընդունումը եղել է իրենց քաղաքական թիմի հանձնառությունը, ուստի իրենց խնդիրն էր այն քննարկել և ընդունել մինչև ԱԺ արձակումը:
Կարծիքներ