Լոռու մարզպետը պարգևատրել է երկամյա երեխային փրկած քաղաքացուն

Լոռու մարզպետը պարգևատրել է երկամյա երեխային փրկած քաղաքացուն

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել և շնորհակալագրով պարգևատրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:

Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:

-Դուք, սեփական կյանքը վտանգելով, երկրորդ կյանք նվիրեցիք մանկահասակ երեխային: Ես շնորհակալ եմ ձեզ խիզախության, սխրանքի և անձնուրացության համար: Հերոսները միայն մարտի դաշտում չեն, այլև՝ մեր կողքին, հպարտանում եմ ձեզնով- ասաց Ա. Խաչատրյանը:

Զրույցի ընթացքում Ժիրայր Պողոսյանը նշեց, որ ճանապարհաշինարար է, ամուսնացած է, ունի 3 երեխա: Նա ևս իր գոհունակության խոսքերն ուղղեց մարզպետին ուշադրության և գնահատանքի համար:

Հիշեցնենք, որ երկամյա Արևիկը դեռևս բուժում է ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ընթացքի մեջ են երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները:

Հիշեցնենք, որ երեխայի սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման էր ենթարկվել երեխայի մայրը:

Նա հաղորդում էր տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել էր Դեբեդ գետը: Հարուցվել է քրեական գործ, մայրը ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում էր կայացվել նրան տեղափոխել Երևան: Աղջնակի մոտ առկա էին որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում