Հացահատիկի բերքի աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար դիրքեր է գրավել
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գյուղատնտեսական արտադրանքը 2022 թվականի արդյունքներով աճել է 9,4 %-ով և կազմել 11,5 տրիլիոն ռուբլի։ Հացահատիկի բերքի աճի մակարդակով Հայաստանը առաջատար դիրքերում է:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինայի ներկայացրած նախնական տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ-ում հացահատիկի համախառն բերքը կազմել է գրեթե 187 մլն տոննա, ինչը մոտ 27%-ով ավելի է նախորդ տարվա մակարդակից։ Բերքահավաքի զգալի ավելացում Է արձանագրվել Միության բոլոր երկրներում և պայմանավորված է բերքատվության աճով։
Ըստ Մալկինայի՝ Հայաստանում հացահատիկի բերքն աճել է գրեթե 58%-ով, Ղրղզստանում՝ 36%-ով, Ղազախստանում՝ 34,5%-ով, Ռուսաստանում՝ գրեթե 27%-ով, Բելառուսում՝ 19%-ով։ Ինչպես նշել է Մալկինան, ավելացել է նաև շաքարի ճակնդեղի բերքը՝ 2%-ով, կարտոֆիլի բերքը՝ 4,6%-ով, բանջարեղենինը՝ 1%-ով: «ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքը 2022 թվականին աճել է 9,4 տոկոսով և կազմել 11,5 տրիլիոն ռուսական ռուբլի: Դրական դինամիկան կապված է հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի, առաջին հերթին՝ հացահատիկային մշակաբույսերի և լոբազգիների բերքի ավելացման հետ», - հավելել Է նա։
Կարծիքներ