Մեծ Բրիտանիան հայտարարել է 2023 թվականին Ուկրաինային մի քանի հարյուր հազար զինամթերք մատակարարելու մասին

Մեծ Բրիտանիան 2023 թվականին Ուկրաինային կփոխանցի մի քանի հարյուր հազար հրետանային զինամթերք։ Այս մասին ասվում է կիրակի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները 250 մլն ֆունտ ստեռլինգ (304 մլն դոլար) չափով պայմանագիր են կնքել, որը թույլ կտա հաջորդ տարի հրետանային զինամթերքի անխափան հոսքը դեպի Ուկրաինա։ Միաժամանակ այս տարի բրիտանական կառավարությունը Կիեւի իշխանություններին ուղարկել է ավելի քան 100 հազար հրետանային զինամթերք։
Ուկրաինային նոր ռազմական մատակարարումների մասին բրիտանական իշխանությունները հայտարարել են Միացյալ էքսպեդիցիոն ուժերի գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա երկուշաբթի օրը Ռիգայում։ Ըստ Սունակի գրասենյակի՝ հանդիպմանը թագավորության վարչապետը 2023 թվականին իր գործընկերներին կհորդորի գոնե Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը պահպանել ներկայիս մակարդակում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գագաթնաժողովին կմասնակցի հեռակա կարգով։ Նշվում է, որ միջոցառման ընթացքում առաջնորդները կքննարկեն Ուկրաինային հակաօդային պաշտպանության հարցում օգնության տրամադրման հարցը։
Կարծիքներ