Գավառի Մենթալ թվաբանության կենտրոնի սաները երեք մրցանակ են նվաճել միջազգային օնլայն օլիմպիադայում
Վերջերս անցկացվել է Մենթալ թվաբանության «AKIRA – BATTLE» միջազգային 9-րդ օնլայն օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 15 երկրների շուրջ 690 աշակերտ, այդ թվում՝ ՌԴ-ից, Ղազախստանից, Հայաստանից, Գերմանիայից, Կանադայից, Սլովակիայից, Ուկրաինայից, Թուրքիայից և այլ երկրներից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի Մենթալ թվաբանության կենտրոնի տնօրեն և մարզիչ Սերինե Հարությունյանն, օլիմպիադային մասնակցել են նաև Գավառի Մենթալ թվաբանության կենտրոնի սաները և ունեցել հիանալի արդյունքներ` 2-րդ, 4-րդ և 5-րդ կարգի մրցանակներ։
Մրցաշարն անցկացվել է 2 փուլով՝ յուրաքանչյուրը երեքական էտապով, որոնք ընդգրկում էին 30-ական հարցեր։ Ամեն մի էտապի 90 միավորից տարբեր տարիքային խմբերում առավելագույն 90 միավոր հավաքել են կենտրոնի սաներից երեքը՝ Բաբկեն Մանուկյանը և Էդիկ Բաբայանը՝ ավագների, Ավետիս Դռնոյանը՝ 5-7 տարեկանների տարիքային խմբերից։
«5-ամյա Ավետիսը ներկայացված էր բարդ թվաբանական հաշվարկին և դպրոցի ամենափոքր սանն է։ Այս հաղթանակը նրա կյանքի առաջին լուրջ ձեռքբերումն է, և այս կարևոր փաստաթուղթը ձեռքին, հաստատուն քայլերով նա սեպտեմբերին ոտք կդնի դպրոց։ Գավառի Մենթալ թվաբանության կենտրոնի սաները հիանալի արդյունք ցուցաբերեցին ոչ միայն առավելագույն 90 միավորներով, այլ նաև երեք՝ 88, 86 և 77 միավորներով, որոնք ևս բարձր ցուցանիշներ են», -նշեց Սերինե Հարությունյանը։
Կարծիքներ