Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը
Լեհաստանի հյուսիսային Գդանսկ քաղաքի նավահանգստի պահեստներում երրորդ օրն է՝ շարունակվում է պայքարը հրդեհի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RMF24 ռադիոկայանը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ կրակի մարմանն այս պահին մասնակցում են 15 հրշեջ բրիգադ, ինչպես նաև մեկ հրշեջ նավակ։
Պահեստներում հրդեհը բռնկվել է հուլիսի 14-ին և սկզբում ընդգրկել 400 քմ տարածք։ Ավելի ուշ հրդեհի գոտին հասել է 6500 քմ-ի։ Կրակի արագ տարածմանը նպաստել է այն փաստը, որ պահեստներում պահվել են պլաստմասե իրեր, շարժիչային յուղով տարաներ, ինչպես նաև այլ վառելանյութեր և դյուրավառ նյութեր։
Հրդեհի բռնկումից հետո Գդանսկի իշխանությունները փակել են քաղաքի մի քանի լողափեր և նավահանգստի պահեստներին հարող փողոցները։
Գդանսկի նավահանգիստը Բալթիկ ծովի երեք խոշոր նավահանգիստներից մեկն է բեռնաշրջանառության առումով։ 2023 թվականին դրանով անցել է 81 մլն տոննա բեռ:
Կարծիքներ