Հնդկաստանը երկու ամիս անընդմեջ կրճատել է ռուսական ադամանդերի ներկրումը
Հնդկաստանն այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին հաջորդաբար կրճատել է Ռուսաստանից ադամանդների ներկրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
2024 թվականի ապրիլին Հնդկաստանը ներմուծել է 440 հազար կարատի ադամանդ, ինչը 57 տոկոսով քիչ է մեկամյա վաղեմության ցուցանիշից։ Իսկ մայիսին ներկրվել է 352 հազար կարատի ադամանդ՝ 13 տոկոսով քիչ, քան 2023-ի նույն ամսին։ Դրա ընդհանուր արժեքը գնահատվում է 43 մլն դոլար, որը 51 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։
Հարկ է նշել, որ այս տարվա մարտին ներմուծվել էր 2.3 անգամ (728 հազար կարատի) շատ ադամանդ, փետրվարին մեկամյա ցուցանիշը գերազանցվել էր 85 տոկոսով (1,81 մլն կարատի), իսկ հունվարին՝ 14 տոկոսով (400 հազար կարատի)։
2024 թվականի մարտի 1-ից սկսել է գործել ռուսական թանկարժեք քարերի առևտրի դեմ ուղղված G7-ի երկրների սահմանած պատժամիջոցների երկրորդ փուլը։ Հունվարի 1-ից ուղղակի արգելք էր սահմանվել անմիջականորեն Ռուսաստանից չմշակված և հղկված ադամանդների ներկրման նկատմամբ, իսկ մարտի 1-ից այն տարածվում է 1 կարատից սկսվող քարերի վրա, որոնք հղկվել են ռուսական ադամանդներից երրորդ երկրներում։ Դա G7-ի երկրների սահմանած ամենազգայուն պատժամիջոցն է, որը տարածվում է աշխարհում ադամանդների մանրածախ վաճառքի շուկայի 70 տոկոսի վրա։
Հնդկաստանն աշխարհում ադամանդների ամենախոշոր հղկողն է, որին բաժին է ընկնում համաշխարհային արտադրության 9/10-ը՝ գերազանցապես մանր ադամանդներ, որոնք ավանդաբար ներկրվում են Ռուսաստանից։
Կարծիքներ