Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է փակել Չենդու քաղաքում գլխավոր հյուպատոսությունը
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է փակել Չենդու քաղաքում (Սիչուան նահանգ) գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳ նախարարության կայքում, փոխանցում է ՌԲԿ-ն:
«2020 թվականի հուլիսի 24-ի առավոտյան Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանությանն իրազեկել է, որ Չինաստանը որոշել է հետ կանչել Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության կազմակերպման եւ գործունեություն վարելու լիցենզիան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չինական արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդունված միջոցառումներն անվանում են օրինական եւ անհրաժեշտ պատասխան ԱՄՆ չհիմնավորված գործողություններին (Չինաստանի գլխավոր հյուպատոսության փակումը Հյուսթոնում): Պեկինում պնդում են, որ պատասխանը համապատասխանում է միջազգային իրավունքին եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին, ինչպես նաեւ դիվանագիտական պրակտիկային:
Չինացի դիվանագետները ԱՄՆ-ին կոչ են արել անհապաղ չեղարկել սխալ որոշումը եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար:
ԱՄՆ իշխանությունները հուլիսի 21-ին Չինաստանից պահանջել էին փակել Հյուսթոնում գլխավոր հյուպատոսությունը: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը այս պահանջը մեկնաբանելիս այն անվանել էր «միակողմանի քաղաքական սադրանք»:
Կարծիքներ