Ջիբրալթարում աճուրդի է հանվել ռուս օլիգարխի զբոսանավը` որպես պատժամիջոց
Ջիբրալթարում աճուրդի է հանվել 75 միլիոն դոլար արժողությամբ ‘’Աքսիոմա’’ զբոսանավը, որը պատկանելիս է եղել ռուս միլիարդատեր Դմիտրի Պուպիանսկիին: Սա Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի պատճառով ռուս օլիգարխների դեմ պատժամիջոցներ կիրառելու արդյունքում աճուրդի հանված առաջին գույքն է:Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
72,5 մետրանոց նավն աճուրդի է ցուցակագրված մեկ օրով, փակ հայտերով, որոնք էլեկտրոնային եղանակով ուղարկվելու էին մինչև երեքշաբթի կեսօր, ասել է դատարանի խոսնակը:
Նայջել Հոլյերը՝ Ջիբրալթարի Գերագույն դատարանի միջնորդը, որը ղեկավարում է աճուրդը, անցյալ շաբաթ Guardian թերթին ասել է, որ գնելու մտադրություն ունեցող ավելի քան 30 անձինք ժամանել են Ջիբրալթար` զբոսանավն անձամբ զննելու նպատակով:
Նավը, որն իր խցիկներում կարող է հյուրընկալել 12 անձանց, ունի նաեւ լողավազան, ջաքուզի, սպա, ծավալային պատկերով կինոթատրոն, ջրային դահուկներ և սկուբա դայվինգի սարքավորումներ։
58-ամյա Պուպյանսկին, որն ըստ Forbes ամսագրի ունի մոտ 2 միլիարդ դոլարի կարողություն, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո ենթարկվել է Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցներին:
Պուպյանսկին մինչև մարտ ամիսը եղել է պողպատե խողովակներ արտադրող OAO TMK ընկերության սեփականատերն ու նախագահը, որը խողովակներ է մատակարարել Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերությանը:
Կարծիքներ