Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրենին
Երեկ՝ մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի և ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Նշվում է, որ մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 41-ամյա Արայիկ Սարկիսյանն է։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Սայաթ Նովայի անվան զբոսայգում գտնվող հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրեն, հիվանդանոց տեղափոխված Ա․ Սարկիսյանը վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ 27-ամյա Դ. Ղամբարյանի և 19-ամյա Գ. Ղամբարյանի հետ։ Դրանից հետո Ա․ Սարկիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության հիմնական մեղավորը եղել է սրճարանի տնօրենը, որը Վանաձորում հայտնի է նաև որպես «Վայֆայի Արո» մականվամբ։ Սրճարանի տարածքում նա ու մի քանի հոգի հայհոյանքներ են հնչեցրել։ Ղամբարյանը խնդրել է նրանց, որ դադարեցնեն հայհոյանքներ տալը, քանի որ սրճարանում մարդիկ կան, այդ թվում՝ աղջիկ։ Սակայն դա նրանց վրդովվեցրել է ու սկսել են քաշքշել Ղամբարյանին։
Գալով սրճարան՝ Գ․ Ղամբարյանը տեսել է այդ ամենը և փորձել միջամտել վիճաբանությանը, սակայն Ա․ Սարկիսյանը շարունակել է հարվածներ հասցնել Ղամբարյան եղբայրներին։ Այդ ժամանակ եղբայրներից մեկը դանակով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել Ա․ Սարկիսյանին։
Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, նաև՝ հանցագործության գործիք դանակը։
Կարծիքներ