Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ. ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել այդ երկրի վրա
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները չեն կարող որակվել որպես հանցագործներ: Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանն ասաց Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ, բելգիացի պատգամավոր Թոմ Վանդենքենդելարը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում է: Այն մտահոգության լուրջ առիթ է Եվրամիության համար, մասնավորապես ռազմագերիների հայրենադարձման հարցի տեսանկյունից: Մեծ է անորոշությունը ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ»,- նշեց բելգիացի խորհրդարանականը:
Նշելով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ԵՄ արևելյան քաղաքականության գործընկերներն են՝ Վանդենքենդելարը շեշտեց. «Մենք պետք է բավական ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, նրանք չեն կարող անպատիժ մնալ»:
Մասնավորապես, նա հորդորեց հետաքննություն իրականացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումների փաստերի շուրջ: Պատգամավորը հայտարարեց, որ պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և «այս անընդունելի իրավիճակին վերջ տալու նպատակով»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:
Կարծիքներ