ՀԲՖ փոխնախագահն ու գլխավոր քարտուղարը հանդիպել են Արցախից տեղահանված մարզիչների հետ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հանդիպել են Արցախից տեղահանված բասկետբոլի մարզիչներին։ Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փորձառու մարզիչները հայտնել են, որ փորձելու են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում և այս օրերին ակտիվ կապի մեջ են Արցախից տեղահանված իրենց սաների հետ:
Սուրեն Զոհրաբյանը հանդիպումից հետո մամուլի ծառայության հետ զրույցում նշել է հետևյալը.
«Քննարկել ենք, թե ինչ ուղիներով կկարողանանք համագործակցել և օժանդակել նրանց աշխատանքի հետագա ընթացքը: Մարզիչներից Գևորգ Շահնազարյանը, ով երկար տարիներ աշխատում է տղաների և աղջիկների հետ, տեղահանվելու ժամանակ առաջին հերթին իր հետ վերցրել է բասկետբոլային գնդակները՝ մի կողմ թողնելով տան իրերը։ Նա ավտոմեքենան բարձել է գնդակներով և ընտանիքի հետ շարժվել դեպի Երևան: Այս քայլը ցույց է տալիս, թե մարզիչը որքան նվիրված է իր աշխատանքին: Մենք կփորձենք աջակցել նրանց այս դժվարին փուլը հաղթահարելու համար»:
Կարծիքներ