43-ամյա տղամարդը ձերբակալվել է ընկերոջ հորաքրոջ սպանության կասկածանքով
2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 18:55-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հորաքույրը մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ դին՝ պարանոցի և ձեռքերի հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 81-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարեց կնոջը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից, ով ահազանգած քաղաքացու ընկերն է:
Վերջինս ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք:
43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ