Քանյե Ուեսթը հարցրել է իր հետևորդներին, թե արժե արդյոք, որ ինքն առաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու
Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը որպես անկախ թեկնածու մտադիր է մասնակցել այս աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, իր թվիթերյան օգտահաշվում տեղադրել է իր սպասվող ալբոմի երգերի անվանումները և հետաքրքրվել հետևորդներից, թե արդյոք արժե, որ ինքը նախագահի թեկնածու լինի՝ ակնարկելով նաև 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու մասին, գրում է dailymail.co.uk-ը:
«2020VISION, թե՞ 2024...Ինչպես հասկանում եմ, բոլոր սևամորթները քվեարկելու են Բայդենի օգտի՞ն: Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես առաջադրվեմ, թե՞ ոչ»,-գրել է ռեփերը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուեսթի համար հեշտ կլինի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենից խլել սևամորթների ձայները:
Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ նախագահ դառնալու ռեալ շանսեր ունեն երկու կուսակցությունների` Հանրապետականի և Դեմոկրատականի թեկնածուները, այս ընտրություններում նրանք լինելու են Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը: Միևնույն ժամանակ, եղել են դեպքեր, երբ երրորդ կուսակցության կամ անկուսակցական թեկնածուները զգալի ձայներ են հավաքել: Վերջին անգամ դա հաջողվել է գործարար Ռոսս Պերոյին, որը 1992 թվականի ընտրությունների ժամանակ հավաքել է ձայների 19%-ը, սակայն նա չէր հաղթել ոչ մի նահանգում, այդ իսկ պատճառով չէր ստացել երկաստիճան ընտրական համակարգով նախագահին ընտրող ընտրիչների և ոչ մի ձայն:
Կարծիքներ