Բայդենը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Բայդենը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

 ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական պետության ղեկավարի Մոսկվա այցի նախօրեին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաջնորդները քննարկել են շարունակվող դիվանագիտական ​​և զսպման ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի շարունակվող ռազմական կուտակումների, և վերահաստատել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նրանք պայմանավորվել են, որ իրենց թիմերը կապի մեջ կլինեն և կշարունակեն խորհրդակցությունները դաշնակիցների և գործընկերների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հետ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ՝ զրույցից հետո։

Սա Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների երկրորդ հեռախոսազրույցն է մեկ շաբաթվա ընթացքում, նախորդը տեղի է ունեցել փետրվարի 2-ին։

Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի իր ֆրանսիացի գործընկերոջը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ առաջնորդները, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք անգամ հեռախոսով խոսել են, մտադիր են շոշափել բազմաթիվ թեմաներ։ Երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահը ծրագրում է այցելել Ուկրաինա։ Ինչպես իր հերթին տեղեկացրել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը, Մակրոնի այցերը Մոսկվա և Կիև կդառնան Ուկրաինայի շուրջ իրավիճակը դեէսկալացնելու Փարիզի ջանքերի շարունակությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում