Ֆրանսիայի նախագահի թեկնածու Պեկրեսը ռուսերենով է դիմել ռուսներին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Հանրապետականներից» Վալերի Պեկրեսը France 5 հեռուստաալիքի եթերում կիրակի երեկոյան ռուսերենով դիմել է ռուսներին և կոչ արել կառուցել Եվրոպայի ընդհանուր ապագան։
«Ես ուզում եմ հպարտ ռուս ժողովրդին ասել, որ մենք պետք է միասին կերտենք խաղաղություն Եվրոպայում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մեծ սխալ կլինեն: Երիտասարդ տարիներին Պեկրեսը սովորել է ռուսերեն և նույնիսկ այցելել Ղրիմի «Արտեկ» ճամբար։
Այնուհետև, անցնելով ֆրանսերենին, նա նշել է, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է երկխոսել։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը, փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցերը Մոսկվա և փետրվարի 8-ին Կիև կլինեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը դեէսկալացնելու Փարիզի ջանքերի շարունակությունը։ Բացի այդ, վերջին շաբաթներին Պուտինն ու Մակրոնն այս թեմայով երեք հեռախոսազրույց են ունեցել՝ հունվարի 28-ին և 31-ին և փետրվարի 3-ին։
Կարծիքներ