Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին
Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարկում է հանուն Իրական Հայաստանի, սակայն դուք դեռ շարունակում եք դեգերել պատմական Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը։
«Քաղաքացին մերժել է այդ մոտեցումը, և եթե այս դեպքում «Ուժեղ Հայաստանը» շարունակի զարգանալ այդ տրամաբանությամբ, ապա կարժանանա մյուս գործընկերների ճակատագրին, երբ նրանց խմբակցությունը կրճատվեց գրեթե 60-70 տոկոսով, իսկ հետագայում նրանք ընդհանրապես այստեղ չեն լինի»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ անգամ վերընտրվելու հնարավորությանը, չնայած այն հանգամանքին, որ վերջինս նախկինում քննադատել էր Սերժ Սարգսյանին այդ հարցի շուրջ, Արայիկ Հարությունյանը հայտարարեց․
«Սերժ Սարգսյանը փոխել էր Սահմանադրությունը՝ երրորդ անգամ դառնալու վարչապետ, երկրի ղեկավար, իսկ այն օրենքների և օրենսդրության շրջանակում, որով տեղի են ունենում ընտրությունները, այդ գործընթացները գործում են նաև քաղաքակիրթ շատ երկրներում։ Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր նույն իրավական տրամաբանությամբ, ինչ գործում է մեզ մոտ։
Այստեղ շատ հաճախ տեղի է ունենում իրողությունների նենգափոխում, և դա վատ է, քանի որ այդ կերպ ապակողմնորոշում եք մեր ժողովրդին»։


Կարծիքներ