Սոչիում դելֆինները զանգվածաբար սատկում են
Սոչիում դելֆինները զանգվածաբար սատկում են: Ըստ փորձագետի՝ Սև ծովի ափին, մասնավորապես Սոչիում, վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ դելֆինների բարձր մահացություն է նկատվել, պատճառը վարակներն են և, ենթադրաբար, ձկնորսական ցանցերի մեջ ընկնելը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դելֆինների փրկության հետազոտական և էկոլոգիական կենտրոնից Տատյանա Բելին:
Ավելի վաղ սոցցանցերում բազմիցս հայտնվել էին Սոչիի ափին սատկած դելֆինների հետ կապված տեսանյութեր։ Ականատեսների վկայությամբ՝ կային դելֆիններ, որոնց պոչը բացակայում էր, մյուսները հիվանդ տեսք ունեին ու հյուծված էին։ Դելֆինների վրա նկատվել են ձկնորսական ցանցերի բծեր։
Բելիի խոսքով, դելֆինների մահվան «թեժ սեզոնը» սովորաբար համընկնում է ցուրտ եղանակի հետ, երբ կեղտոտ ջրերը լցվում են ծով, և կաթնասունները սկսում են վարակվել մակաբույծներով, սակայն այս տարի դելֆինները սովորականից շատ են սատկում։
«Ապրիլից Սև ծովում, այդ թվում՝ Սոչիում, կետերի և դելֆինների մահացության շատ բարձր ցուցանիշ է գրանցվել: Այս սեզոնում դելֆինների սատկելու հիմնական պատճառը վիրուսային վարակն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Դելֆինները սատկում են նաև այն ժամանակ, երբ հայտնվում են ձկնորսական ցանցերի մեջ: Այդ մասին են վկայում նաև Սոչիում հայտնաբերված կտրված պոչերով կաթնասունների մարմինները»,- ասել է Բելին։
Ըստ փորձագետի՝ ձկնորսները միշտ չէ, որ զգուշությամբ են դուրս բերում դելֆիններին ցանցերից՝ առանց նրանց սթրեսի ենթարկելու կամ վնասվածքներ պատճառելու:
Կարծիքներ