Միջնորդների չեզոքությունը քաջալերում է այն կողմին, որն օգտագործում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիք. Փաշինյան

Միջնորդների չեզոքությունը քաջալերում է այն կողմին, որն օգտագործում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիք. Փաշինյան

Կա՞ արդյոք մի բան, որ ՀՀ վարչապետը կցանկանար ստանալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, օրինակ՝ զենքի ներմուծում, բայց չի ստանում։ «Politico Europe»-ին  տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Օգնությունը և աջակցությունը երբեք շատ չի լինում, մանավանդ Հայաստանի նման երկրների համար, բայց մյուս կողմից ես չեմ ուզում և չեմ կարող անշնորհակալի դիրքից հանդես գալ։ Որովհետև, օրինակ՝ Եվրամիության կողմից Հայաստանում քաղաքացիական առաքելության հաստատումը Հայաստան-Ադրբեջան սահմանին համարում եմ բավականին լուրջ աջակցություն, որի համար ես մեր գործընկերներին անընդհատ շնորհակալություն եմ հայտնում։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մեզ աջակցում են նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը հասցեագրելիս։ Բայց ես չեմ կարող ասել, որ այն օգնությունը և աջակցությունը, որ մենք ստանում ենք, բավարար է մեր խնդիրները և օրակարգերը սպասարկելու համար։ Բայց մյուս կողմից էլ, մենք ակտիվ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ մեր դիրքորոշումները նրանց ավելի հասկանալի դարձնելու և որպես արդյունք՝ ավելի մեծ աջակցություն ստանալու համար»։

Հարցին` Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում Իլհամ Ալիևի հետ բանակցությունների նստելիս զգու՞մ է արդյոք, որ այդ մարդն իր հետ տանում է բարեխիղճ բանակցություններ, վարչապետը պատասխանել է, որ չի ցանկանա բանակցային սենյակի մթնոլորտը հրապարակային քննարկել։

«Փաստն այն է, որ առայժմ չունենք վստահության մթնոլորտ, որովհետև եթե վստահության մթնոլորտ լիներ, շատ հարցեր այսօր այդպիսի վիճակում չէին լինի, ինչպիսին են։ Բայց ո՞րն է դրան իմ արձագանքը՝ շարունակել աշխատել, շարունակել ավելի հետևողական աշխատել, փորձել գտնել լուծումներ, փորձել գտնել առաջընթացի ուղիներ։

Ընդհանուր առմամբ, ի՞նչն է, եթե չդետալացնենք, հիմնական պրոբլեմը, որ Ադրբեջանը եթե նախկինում ունեցել է, այդպես էլ շարունակում է կիրառել, այսպես ասած, ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականություն։ Դա շատ է բարդացնում իրադրությունը և կարծում եմ՝ հետագա առաջընթացի ապահովման հիմնական խոչընդոտն է։

Եվ այստեղ, կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այն ուժերը, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում, հենց այս հարցում պետք է աջակցություն ցուցաբերեն Հայաստանի Հանրապետությանը, աջակցություն ցուցաբերեն մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»։

Իսկ կա՞ արդյոք անհամաչափություն բանակցությունների ու իրականության միջև, բանակցություններն ու իրականությունը ընթանում են տարբեր հուներո՞վ։ Հարցին ի պատասխան` Փաշինյանը նշել է.

«Բանակցային գործընթացում սովորաբար միջնորդներն ասում են, որ իրենք պետք է լինեն չեզոք։ Իմ արձագանքն այդ իրադրությանը հետևյալն է՝ ես ասում եմ, երբ կողմերից մեկն օգտագործում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքը, և մյուս կողմն անվտանգային առումով խոցելի է, չեզոքությունը քաջալերում է այն կողմին, որն օգտագործում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիք։

Հետևաբար, այս իրավիճակում չեզոքությունը, բառիս հենց ուղիղ իմաստով, այնքան էլ չեզոքություն չէ, այլ քաջալերում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով հանդես եկող կողմին։ Այս իմաստով, այս իրավիճակում այն միջնորդները, որոնք հանդես են գալիս բառացիորեն այս տրամաբանությամբ, այդ միջնորդների միջնորդությունը էֆեկտիվ չէ։ Որովհետև հենց միջնորդի նպատակը կամ ֆունկցիան կամ կառուցողական գործառույթն այն է, որ նա բանակցային գործընթացում ձևավորի մթնոլորտ, երբ խաղաղության շահագրգռությունը երկու կողմերի մոտ լինի հավասար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում