Բայդենը պաշտոնապես հայտարարել է վերընտրվելու մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
«Երբ 4 տարի առաջ ես առաջադրեցի իմ թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, ես ասացի, որ մենք պայքարում ենք Ամերիկայի ոգու համար: Եվ մենք մինչև հիմա պայքարում ենք: Հարցն այն է՝ արդյոք առաջիկա տարիներին մենք ավելի շատ ազատություն կունենանք թե ավելի քիչ, ավելի շատ իրավունքներ թե ավելի քիչ: Ես գիտեմ, թե ինչպիսին եմ ուզում, որ լինի պատասխանը, կարծում եմ՝ դուք նույնպես գիտեք: Սա սնապարծ լինելու ժամանակը չէ: Ահա թե ինչու եմ առաջադրվում՝ վերընտրվելու համար», - հայտարարել է Բայդենը:
Բայդենն իր տեսաուղերձում դեմ է արտահայտվում «հանրապետական ծայրահեղականներին», որոնք, ըստ ԱՄՆ նախագահի՝ «թելադրում են, թե իրենց առողջության հետ կապված ինչ որոշումներ պետք է ընդունեն կանայք, արգելում են գրքերը և ասում են մարդկանց՝ ում սիրել»:
Եթե 2024 թ.-ի ընտրություններում դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվի Ջո Բայդենը, ապա, ինչպես 2020 թ.-ին, նա կարող է պայքարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, եթե վերջինս առաջադրվի հանրապետական կուսակցության կողմից:
CNN-ի հաղորդմամբ՝ Բայդենն, ամենայն հավանականությամբ, հեշտությամբ կառաջադրվի իր կուսակցության կողմից: Նախագահի թեկնածու ընտրվելու համար առաջադրվել են միայն գրող Մարիան Ուիլյամսոնը և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդի, իրավաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը:
Իսկ հանրապետական կուսակցությունից Թրամփն այժմ նախագահի պաշտոնի առաջատար հավակնորդն է։ Առաջադրվելու համար իրենց հայտերն են ներկայացրել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը և ձեռնարկատեր Վիվեք Ռամասվամին։
Կարծիքներ