Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մեկ այլ նոր տեսակ է հայտնաբերվել
Անգլիայում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել, ինչի մասին հինգշաբթի հայտարարել է հանրային առողջության պաշտպանության տեղի վարչությունը:
«Վիրուսի VUI-202103/01 նոր տարբերակն անվանում է ստացել մարտի 4-ին, երբ Անգլիայի հարավարևելյան շրջանում վարակման երկու դեպք է հաստատվել Անտիգուայից վերադարձած անձանց մոտ», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարակակիրների շփումներն այլ անձանց հետ ուսումնասիրվել են, վարակման այլ դեպքեր չեն հաստատվել:
Թագավորության տարածքում հայտնաբերվել է նաև այսպես կոչված «բրազիլական» շտամով վարակման 4 նոր դեպք:
Հիշեցնենք, որ «Քովիդ-19»-ի նոր տեսակներից մեկը, որն ավելի արագ է տարածվում, Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր դեկտեմբերի կեսերին: Ըստ ԱՀԿ-ի մինչ օրս այն տարածվել է աշխարհի 111 երկրում:
Միացյալ Թագավորությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 214 677 դեպք, որից 125 168-ը՝ մահվան ելքով:
Կարծիքներ