Google-ը կարող է հարկել YouTube-բլոգերներին
Google ընկերությունը կարող է իրեն պատկանող YouTube հարթակում հոլովակներ տեղադրող բոլոր բլոգերներին պարտավորեցնել հարկ վճարել այն եկամուտների համար, որոնք նրանք ստանում են ԱՄՆ-ի բնակչության կողմից՝ իրենց բովանդակության դիտումներից: Այս մասին հայտնել է ընկերության տեխնիկական աջակցության կայքը։
«2021 թվականի հունիսից Google-ը կարող է սկսել հարկեր գանձել ԱՄՆ-ի հանդիսատեսից ստացած եկամուտների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ մինչև մայիսի 31-ը բովանդակության բոլոր հեղինակները պետք է անհրաժեշտ հարկային տեղեկատվություն տրամադրեն Google-ի կողմից մշակված AdSense ծառայությանը: Եթե համապատասխան տվյալները չներկայացվեն նշված ժամկետում, ապա Google-ը կարող է ամբողջ աշխարհում օգտատերերի եկամուտի մինչև 24%-ը գանձել:
Կից ներկայացված հոլովակում նշվում է, որ նման միջոցն անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներքին եկամուտների ծառայության պահանջներին համապատասխանելու համար, որոնց համաձայն՝ ընկերությունը պետք է «հարկային տեղեկատվություն հավաքի ԱՄՆ-ից դուրս իրենց բովանդակությունը դրամայնացնող բոլոր հեղինակների մասին և որոշ դեպքերում հարկեր պահի, եթե այդ հեղինակները եկամուտ են ստանում ԱՄՆ-ի բնակիչներից»:
Կարծիքներ