Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդ Փերվեզ Մուշարաֆը
Դուբայի հիվանդանոցներից մեկում, 79 տարեկան հասակում, մահացել է Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆը, ով իշխանության էր անցել 1999 թվականի հեղաշրջման արդյունքում։
Մուշարաֆը, որը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2008 թվականներին, մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Պակիստանի բանակի հայտարարությանը:
Նա փրկվել է բազմաթիվ մահափորձերից։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո գեներալը, չնայած Պակիստանի հասարակության տրամադրություններին, աջակցել է ԱՄՆ-ի «ահաբեկչության դեմ պատերազմին» և այդպիսով հայտնվել զինյալ իսլամիստների և Արևմուտքի պայքարի առաջնագծում։
2008 թվականին Մուշարաֆը պարտություն է կրել ընտրություններում և վեց ամիս անց լքեց երկիրը։
2013 թվականին վերադառնալով Պակիստան՝ գեներալը փորձել է մասնակցել ընտրություններին, սակայն ձերբակալվել է և զրկվել երբևէ առաջադրվելու իրավունքից։ Նրան մեղադրել են պետական դավաճանության մեջ և հեռակա դատապարտել մահապատժի, սակայն մեկ ամիս չանցած՝ դատարանի որոշումը չեղարկվելէ:
2016 թվականին նա կրկին լքել է Պակիստանը, բուժման նպատակով տեղափոխվել Դուբայ և ապրել աքսորի մեջ այդ երկրում, քանի որ վերադարձի իրավունքից զրկված է եղել:
Մուշարաֆի մահվան մասին հայտարարության մեջ Պակիստանի բանակի պաշտոնյաները հայտնել են իրենց «անկեղծ ցավակցությունը»:
Պակիստանի նախագահ Արիֆ Ալիի գրասենյակի հայտարարությունում, որը մեջբերում է AFP լրատվական գործակալությունը, ասվում է, որ նախագահը աղոթել է «հանգուցյալի հոգու հավերժ հանգստության և հանգուցյալի ընտանիքի քաջության համար՝ կրելու այս կորուստը»:
Կարծիքներ