Տոնախմբվեց Տյառնընդառաջի տոնը

Տոնախմբվեց Տյառնընդառաջի տոնը

Փետրվարի 14-ին 40-օրյա Մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Սուրբ Պատարագ։

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Սուրբ Պատարագի իր քարոզում Հայր Սուրբն, անդրադառնալով   տոնի խորհրդին, մասնավորաբար կարևորելէ հույսի խորհուրդը, որով Սիմեոն Ծերունին երեք հարյուր և ավելի տարիներ սպասում էր Փրկչին տեսնելուն՝ հորդորելով հավատացյալներին նույն հույսով իրենց հայացքներն անշեղորեն ուղղել առ Աստված:

Աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հայր Սուրբը մաղթել է հավատավոր ժողովրդին, որ Սիմեոն Ծերունու հույսը յուրաքանչյուրի սրտում պտղաբերի, մշտապես լինեն խաղաղության մեջ և մի օր երանությունն  ունենան ասելու՝ «․․․․իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ․ Բ 30-31):

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում