Նախագահության առաջին շաբաթվա ընթացքում Բայդենի հավանության վարկանիշը կազմել է 54 տոկոս
Նախագահության առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավանության վարկանիշը կազմել է 54 տոկոս, ինչը բարձր է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր կառավարման օրոք ցանկացած պահի հավանության մակարդակից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարցմանը, որն անցկացրել է Մոնմուտի համալսարանը:
«Նախագահ Ջո Բայդենն սկսում է իր ժամկետը՝ ստանալով ամերիկացիների մեծամասնության աջակցությունը…Նախագահի ընթացիկ վարկանիշն արդեն ավելի բարձր է, քան երբեւէ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ»,-ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:
Նշվում է,որ հարցվածների 54 տոկոսը հավանություն է տալիս Բայդենի գործողություններին, իսկ 30 տոկոսը՝ ոչ: Ընդ որում, աջակցության մակարդակը կախված է հարցվածների կուսակցական պատկանելիությունից, դեմոկրատների շրջանում նրան աջակցում է հարցվածների 90 տոկոս, անկախ ընտրողների շրջանում՝ 47 տոկոսը, եւ միայն 15 տոկոսը՝ հանրապետականների շրջանում:
Ինչպես վկայում են հարցման տվյալները՝ ամերիկացիների 61 տոկոսը լավատեսորեն է վերաբերվում քաղաքականությանը, որը Բայդենն անցկացնում է նախագահի պաշտոնում, 35 տոկոսը՝ վատատեսորեն: Ընդ որում, 4 տարի առաջ, երբ Թրամփը նախագահ էր ընտրվում, հարցվածներն ավելի վատատեսորեն էին տրամադրվել, եւ միայն 50 տոկոսն էր դրական փոփոխություններ ակնկալում:
Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունվարի 21-ից 24-ը 809 չափահաս ամերիկացիների շրջանում: Վիճակագրական վրիպումը կազմել է 3,5 տոկոսային կետ:
Մեկ այլ հարցում, որը հունվարի 21-ին եւ 22-ին անցկացրել է Hill պարբերականը HarrisX-ի հետ համատեղ, ցույց է տվել, որ պետության ղեկավարի պաշտոնում Բայդենի աշխատանքը դրական է գնահատում ԱՄՆ-ում ընտրողների 63 տոկոսը:
Morning Consult ընկերության եւ Politico թերթի հունվարյան հարցման համաձայն՝ Թրամփի հավանության վարկանիշը նվազել է 34 տոկոսով, ինչն ամենացածր ցուցանիշն է Թրամփի նախագահության 4 տարիների ընթացքում:
Կարծիքներ