Գյումրիում մեծ շուքով նշվեց Սուրբ Հարության տոնը

Գյումրիում մեծ շուքով նշվեց Սուրբ Հարության տոնը

Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ մարտի 31-ին Սուրբ Հարության տոնակատարությունը մեծ տոնախմբությամբ նշվեց Գյումրիի Աբովյան ճեմափողոցում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  միջոցառման շրջանակներում քաղաքապետարանի ենթակայության  կազմակերպությունները, կրթական հաստատությունները, հասարակական կազմակերպություններն ու  անհատ վարպետները հանրությանն էին ներկայացրել  ձեռքի աշխատանքներ, զատկական պարագաներ, ձևավորված հավկիթներ, խաղալիքներ և այլն: Տոնախմբությանը ելույթ ունեցան տարբեր պարային համույթներ: Անցկացվեցին նաև  հավիկիթակռիվ, տոնածիսական խաղեր, տոնավաճառ:

«Արդեն ավանդական դարձած միջոցառման ձևաչափը, ըստ էության, նույնն է՝  նշում ենք զատկական տոնախմբությունը՝ առավել ժողովրդական շեշտադրումով։ Փորձում ենք այն վերածել համաքաղաքային տոնի․ մարդիկ, ովքեր այս պահին կլինեն քաղաքի կենտրոնական հատվածում, կմասնակցեն այս ժողովրդական տոնակատարությանը։ Ազգային պարերից ու  խաղիկներից բացի, կա նաև հնարավորություն ազգային պարեր սովորելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ ուրախ տրամադրությամբ էլ գյումրեցիները կազդարարեն գարնան սկիզբը:  

Զատկական տոնակատարության համար Գյումրիի քաղաքապետարանը հատկացրել է  300 հազար դրամ։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում