Ոստիկանության ծախսերը նախորդ տարի նվազել են 2 մլրդ դրամով

Ոստիկանության ծախսերը նախորդ տարի նվազել են 2 մլրդ դրամով

ՀՀ ոստիկանության ընթացիկ ծախսերը 2020-ին 2019-ի համեմատ նվազել են 2 մլրդ դրամով:

Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» ոստիկանության տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Հաշվետու տարվա բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 65 մլրդ դրամ՝ 2019-ի 68.7 մլրդ դրամի դիմաց, այսինքն՝ 3.7 մլրդ դրամով կամ 5.4 տոկոսով պակաս: Ըստ այդմ ընթացիկ ծախսերը նվազել են 2 մլրդ դրամի չափով կամ 3 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված ՊՊԳՎ վերակազմավորման գործընթացի շրջանակում մի շարք կայուն պահակետերով պահպանվող օբյեկտների պետական պահպանությունը դադարեցնելու և դրանց պահպանությունը մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից իրականացվելու հանգամանքով»,- ասաց Ֆիդանյանը:

Կապիտալ ծախսերը նվազել են 1.7 մլրդ դրամ չափով՝ պայմանավորված Ոստիկանության ընդհանուր հատկացումները կրճատելու հանգամանքով: Ծախսվել է 63.8 մլրդ դրամ՝ ապահովելով 98.2 տոկոս կատարողական: Ընթացիկ ծախսերի մասնաբաժինը կազմել է 63.4 մլրդ դրամ՝ ամբողջի 99.4 տոկոսը: Ընթացիկ ծախսերի 76.7 տոկոսը՝ 48.5 մլրդ դրամ գումարով, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներն են: Ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին ամսական աշխատավարձը՝ (ներառյալ պարգևատրումները) կազմել է 281 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում